Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լրագրողը հեղափոխություն չի անում

Լրագրողը հեղափոխություն չի անում
24.04.2013 | 14:22

Հերթական անգամ տեղի է ունեցել բռնություն իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի նկատմամբ: Հարձակման թիրախը դարձել է ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, որը ցանկացել է լուսաբանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավը: Հակոբ Կարապետյանն օրենքով արգելված որևէ քայլ չի արել, երբ փորձել է լուսանկարել քարոզարշավի առանձին դետալներ: Բռնության հեղինակն էլ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանն է: Դատելով Աշոտ Պապայանի զբաղեցրած դիրքից՝ նա պետք է, որ ծանոթ լիներ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին և իմանար, որ օրենքով արգելվում է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը: Նրա և լրագրողների գործունեությունը խոչընդոտող ոստիկանների, այլ պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց համար հավանաբար անհրաժեշտ է լիկբեզի դասընթացներ անցկացնել: Իսկ այն փաստը, որ քարոզարշավին մասնակցող առանձին անհատներ էլ լրագրողի մեջ «ռևոլյուցիոների» են փնտրել, ուղղակի զվարճալի է: Քիչ էլ մնար՝ կփնտրեին դավադրություն կազմակերպողի:
Ինչու՞ են քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները ամեն ինչ փորձում ջարդել լրագրողների գլխին, որոնք այսօր հանիրավի թշանամանքի ու ատելության թիրախ են դարձել քաղաքական տարբեր ճամբարների կողմից: Մի պահ ձեզ պատկերացրեք այդ լրագրողի դերում:
Իսկ ի՞նչ է շահելու մեր երկիրը հերթական այս միջադեպից: Էլի տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները կարձանագրեն հերթական բռնության և մեր երկրի՝ ոչ ժողովրդավարական լինելու փաստը, ճնշումներ կբանեցնեն՝ տարատեսակ մեթոդներով:
Հարգարժան պարոնայք, լրագրողը ռևոլյուցիոներ չէ: Նա, եթե անգամ ձեր նշած ռևոլյուցիան է անում, ապա հաստատ՝ ոչ այն միջոցներով, ինչպես դուք եք գործում: Ոչ բռնությամբ, ազատ խոսքը լռեցնելով, լուսանկարչական ապարատ առևանգելով: Այդ ամենն ընդամենը ձեր պարտության մասին է վկայում, քանի որ տեխնոլոգիական առաջընթացի մեր դարաշրջանում բռնությունն այլևս ազդեցիկ չի կարող լինել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ